понедельник, 23 мая 2011 г.

Վերնիսաժում

Հանրապետության հրապարակի հարևանությամբ` Նալբանդյան և Խանջյան փողոցների միջև տարածված այգին վաղուց վերածվել է արվեստի գործերի տոնավաճառի:
Վերնիսաժում կարելի է հանդիպել ամենատարբեր տարիքի և նախասիրությունների տեր մարդկանց` սկսած  բարձր ճաշակ ունեցող վարպետներից մինչև փինաչիներ : Նրանց ապրանքներն էլ իրենց տերերի նման են: Վերնիսաժին հրապարակի կողմից մոտենալու դեպքում առաջին հերթին ընկնում ենք հնոտիների և իրենց դարն ապրած իրերի աշխարհ: Հենց գետնին անփութորեն կողք կողքի շարված են  վաղուց իրենց արտաքին տեսքը, իսկ գուցե նաև պիտանելիությունը կորցրած կենցաղային և էլեկտրական իրերն ու սարքերը, ռադիոտեխնիկան, հնաոճ սպասքեղենն ու ամենատարբեր սարքերի մանր-մունր մասերը :
Հնոտիների մասնաբաժնից քիչ ներքև «գրքերը աշխարհն» է: Այստեղ կարելի է գտնել ինչպես վերջերս այնպես էլ վաղուց հրատարակված գրքեր: Գրքերի հիմնական գնորդը  ուսանողությունն է:
Ի տարբերություն գրքերի` Վերնիսաժի արվեստի բաժնում վաճառքի դրված ամենաբազմազան իրերի պահանջարկն անհամեմատ մեծ է : Վերնիսաժի այդ մասն ընկնելով` մարդ չի էլ կողմնորոշվում, թե որ կողմը Գնա` այնտե՞ղ, ուր արծաթով ու կիսաթանկարժեք քարերով, կամ ոսկով ու թանկարժեք քարերով պատրաստված զարդեր են վաճառվում, կամ ուր աչք են շոյում օնիքսից, սադափից, մարմարից, փայտից պատրաստված գեղեցիկ արձանիկները, սափորները, ամենատարբեր տեսակի ծաղկամաններն ու հուշանվերները, նարդին ու նկարների համար նախատեսված պատկերազարդ շրջանակները, թե՞ հայ կնոջ ձեռքով հյուսված ու ասեղնագործված մաքրամեները, կարպետները, սփռոցները, ծածկոցները, պայուսակները, գոտիները, ազգային տարազ հագած տիկնիկները և այլն և այլն:
Դեռ տասը տարի առաջ Վերնիսաժից կարելի էր ձեռք բերել իսկական արվեստի գործեր, մասնավորապես հայ նկարիչների կտավներ և այն էլ շատ էժան, քանի որ վարպետները ստիպված էին դրանք վաճառել : Այսօր այստեղ առաջարկվող նկարները հիմնականում «շտամպովկա» արված գործեր են: Հիմա էլ Վերնիսաժում կարելի է հանդիպել հրաշալի և շատ տաղանդավոր նկարիչների, ովքեր, սակայն, վաճառքի են դնում իրենց թույլ գործերը. դրանք լավ են վաճառվում մատչելի լինելու և լայն զանգվածների ճաշակը բավարարելու շնորհիվ:





Комментариев нет: